Երկրի օր

Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, ունի 29,000 քառակուսի կմ տարածք: Գտնվում է Քուռ-Արաքս գետերի ավազանի վերին հատվածում` ծովի մակերևույթից 380մ-ից 4090մ բարձրության վրա: Յուրահատուկ տեղադրության և հրաբխային ծագման շնորհիվ Հայաստանն աչքի է ընկնում բարձր գոտիականությամբ և հանդիսանում է հազվադեպ հանդիպող և վտանգված բազմաթիվ բուսատեսակների և կենդանատեսակների կենսամիջավայր:
Հայաստանում առկա են լուրջ բնապահպանական խնդիրներ: Երկիրը միացել է շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաների մեծ մասին:

Միջազգային կազմակերպությունների կողմից բնապահպանական նպատակներով Հայաստանը շարունակաբար ստացել է տեխնիկական և ֆինանսական աջակցություն, որի դրամային արժեքը կարելի է հաշվել միլիոնավոր դոլարներով: Այնուամենայնիվ, բնությունը շարունակում է լուրջ վնասներ կրել:

1980-ականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը նվազել է` հասնելով 7%-ի: 1990-ականների սկզբին էներգետիկ ճգնաժամի պատճառով մեծածավալ անտառազանգված ոչնչացվեց: Ծառահատումները հիմնականում կատարվում էին անհատների կողմից` բնակարանները տաքացնելու և կերակուր պատրաստելու նպատակով: Այսօր անտառները շարունակում են ոչնչանալ` հիմնականում կազմակերպված ապօրինի ծառահատումների և անտառային հողերի անօրինական բաշխման/օտարման պատճառով: Հայաստանում անտառային տարածքների կրճատումը նպաստում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանն, արագացնում է անապատացման գործընթացը, մեծացնում սողանքային և հողի էրոզիայի վտանգները, հանգեցնում է կենսաբազմազանության կորստի և անտառահատված տարածքներին հարակից համայնքների բնակիչների կենսապայմաների վատթարացմանը: Համաձայն փորձագետների, անտառային տարածքների ոչնչացման առկա տեմպերով շարժվելու դեպքում երկիրը 50 տարվա ընթացքում կդառնա անապատ: Վերջին տասնամյակում Հայաստանի անտառային տարածքներն անխնա կերպով հատկացվել են տարբեր տեսակի տնտեսական գործունեություն, մասնավորապես` հանքարդյունաբերություն ծավալելու նպատակով:

Թունավոր գազերի արտանետումները և քիմիական նյութերի հեռացումը որպես թափոն աղտոտում են շրջակա միջավայրը և բացասական ազդեցություն թողնում մարդկանց առողջության վրա: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2005թ. հրապարակված մի զեկույցի` Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է Ղրղզստանից հետո:

Առողջական խնդիրները հատկապես սուր են արտահայտված երկրի հյուսիսային և հարավային շրջաններում, որտեղ և կենտրոնացված են հանքարդյունաբերությայն հիմնական օջախները:
Կառավարության կողմից հանքարդյունահանման ամենահակասական նախաձեռնություններից մեկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի ադյունահանման արտոնագրի տրամադրումն է:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը գտնվում է Հայաստանի Լոռվա մարզի հյուսիս-արևելյան շրջանում` երկրաշարժերի և սողանքների ենթակա գոտում: Հանքավայրի տեղանքը գեղատեսիլ և լանդշաֆտային բազմազանությամբ աչքի ընկնող անտառածածկ տարածք է, որտեղով հոսում է Շնող գետը` իր Կռունկ, Պակասաջուր (Խառատաձոր) և Դուքանաձոր վտակներով: Այս գետակները Շնող և Թեղուտ գյուղերի ջրի հիմնական աղբյուրն են և օգտագործվում են ինչպես խմելու, այնպես էլ` ոռոգման նպատակներով: Շնող գետը դեպի Վրաստան հոսող անդրսահմանային Դեբեդ գետի վտակներից է: Տեղանքում կարելի է նաև գտնել հնադարյան և միջնադարյան շուրջ 20 պատմամշակութային հուշարձան:

Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է` հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում` շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով: Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և համարվում են վտանգված, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի կարմիր գրքում: Անտառին հարող տարածքում բնակվում են Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները` ընդհանուր շուրջ 3600 շունչ:

Ամերիկացի փորձագետներն օրերս հրապարակեցին 163 երկրների էկոլոգիական վարկանիշային ցանկը, որի համաձայն Հայաստանը զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը: Մեզանից առաջ է Վրաստանը (59), հետ` Ադրբեջանը (84):
Վարկանիշը հաշվարկելիս փորձագետները հաշվի են առել ջրի, մթնոլորտի վիճակը, շրջակա միջավայրի պաշպանությանն ուղղված պետական քաղաքականությունը և այլ ցուցանիշներ:
Սևանի հիմնախնդիրը ևս բնապահպանը լուրջ է համարում:

Խնդիրները հատկապես մեծ են քաղաքամայր Երևանում: Երևանի կառուցապատումը ևս հակաէկոլոգիական է: Կանաչ տարածքների կորստի աղետալի հետևանքներ զգում ենք արդեն այսօր:

Մարդկությունն այսօր կանգնած է լուրջ երկընտրանքի առջև. կամ կանգ առնել ու մտածել, կամ էլ գնալ ինքնաոչնչացման: Այսպես, բնությունը մեզ արդեն իր հաշիվն է ներկայացնում` մթնոլորտ ջերմոցային գազերի անսահմանափակ արտանետման համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s